Լուսին, հին ես, ինչպես
Ժողովուրդը հայոց,
Լուսին, փոքրանում ես
Ու մեծանում ահա,
Ի՞նչ պատահեց սակայն
Ժողովրդին հայոց,
Որ առաջվա նման
Չի մեծանում հիմա:
Դու կիսվում ես, լուսին,
Ապա լրիվանում,
Իսկ մի կիսված երկիր
Ե՞րբ է լրանալու,
Բախտ ու լեզու կիսված –
Երկու շուրթեր կիսված
Ե՞րբ են միանալու,
Ե՞րբ են համբուրվելու…
Մարդիկ լրիվ սրտով
Հազիվհա՛զ են ապրում,
Իսկ մենք կիսված սրտով
Այս ինչպե՞ս ենք ապրում:
Ու ապրում ենք եթե
Այսպես կիսված սրտով,
Ապա ինչպե՜ս կապրենք
Արդեն լրիվ սրտով…
Ժողովուրդն իմ, լուսի՛ն,
Քեզնից մե՛ծ էր նույնպես,
Շա՜տ էր և աստղերից,
Բայց ի՞նչ մնաց, գիտե՞ս:
Նա նման է հազիվ
Քո փակագիծ-եզրին,
Որ աշխարհի հանդեպ
Հարցակա՛ն է կարծես:
Ամպի տակ ես մտնում
Ու ելնում ես էլի,
Մեր կեսն ամպի տակ է,
Իսկ ե՞րբ պիտի ելնի:
Արեգակն էլ, գիտես,
Մայր է մտնում, ելնում,
Իսկ ե՞րբ պիտի ելնեն
Երկու միլիոն արև…
Ու ոնց դո՛ւ ես լույսդ
Արեգակից առնում,
Այդպես մյուս կեսն է
Մեր արևից վառվում:
Ու երկիրը կիսված
Թող երևա նրա՛նց,
Ում դրոշի վրա
Մի լուսին կա կիսված…
Հասկանո՞ւմ ես, լուսին,
Սուրը զարդեց լույսի՛ն:
Եվ դրոշին նրանց
Դու նմա՜ն չես լուսնի,
Նման ես կեռ սրի
Եվ կեռ յաթաղանի,
Որ այդպես է թվում
Արդեն քանի՛ տարի:
Դու մեզ ների՛ր, լուսին,
Որ հուզված ենք այսպես,
Մեզ հուզել են, լուսին,
Եվ թողել են մեզ կես:
Բայց փա՜ռք նրանց, ովքեր
Փրկեցին այս կեսին,
Եվ փա՜ռք նրանց, ովքեր
Խորհեցին մեր մասին:
Միշտ նայում են հեռվից
Լավ նկարին պատի,
Բայց ուզում ենք մոտի՛ց
Նայել Արարատին:
Դա լոկ հարց չէ սարի,
Այլ դա հարցն է Դա՛րի –
Ինչ մե՛զ եղավ, թող որ
Այլոց չպատահի՛:
Նայում ենք քեզ, լուսին,
Եվ ամպ չկա երկնում,
Լոկ մի ամպ կա, լուսին,
Ամե՛ն ազնիվ հոգում:
Դու հայ հոգու նման
Բզկտված ես, շիկնած,
Կողքիդ աստղերն ասես
Հայ մարդիկ են ցրված:
Մի օր պիտի հերկենք
Քո դաշտերը վայրի,
Իսկ ե՞րբ պիտի հերկենք
Դաշտերն Ավարայրի:
Քո երեսը մյուս
Մենք տեսել ենք, լուսին,
Իսկ ե՞րբ պիտի տեսնենք
Այն երեսը Մասսի:
Լուսինն այդքան հեռու,
Մարդու ո՛տք է հասել,
Մասիսն այսքան մոտիկ,
Դեռ չե՜նք կարող հասնել:
Ախ, մեզ պետք է, հոգի՛ս,
Մարել մի հի՜ն կարոտ –
Կամ դո՛ւ արի, Մասիս,
Կամ թե՝ մե՛նք գանք քեզ մոտ:
Մնանք վաղվա հույսին:
Բարի գիշեր, լուսի՛ն:
1963 թ
|